Դատախազությունը կրկին բողոքարկում է արդարացման դատավճիռները

30 ամյա Դավիթ Արկադիկի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասով այն բանի համար, որ 21.12.2011թ. գիշերը` ժամը 00:00-ի սահմաններում, իր եղբայր Կարապետ Ավետիսյանին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Վարդենիսի հիվանդանոցի ընդունարանում դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, անհասցե հայհոյել, կոտրել է «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի ընդունարանի հեռախոսը, այնուհետև մտնելով Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունք, շարունակել է 10 րոպե տևեղությամբ անհասցե հայհոյել, քաշքշել, հրել է հոսպիտալի աշխատակից Գևորգ վարդանյանին, կոտրել է հոսպիտալի հետվիրահատարանի դռան ապակին, դեղորայքի պահարանի ապակիները, մուտքի դռան բռնակը` պատճառելեվ հոսպիտալին 11.710 դրամի նյութական վնաս:

 

 

Դատաքննության ընթացքում Դավիթ Ավետիսյանը ցուցմունք է տվել, որ 20.12.2011 թվականին եղբոր՝ Կ.Ավետիսյանի հետ հորեղբոր տղայի ծննդյան արարողությունից վերադառնալիս, եղբայրը խնդրել է իրեն իջեցնել գերեզմանատան մոտ: Եղբորն իջեցնելով գնացել է տուն: Ժամը 23:30-ի սահմաններում գտնվելով տանը ալկոհոլ օգտագործած վիճակում եղբայրը հեռախոսով իրեն հայտնել Է, որ իր վիճակը վատ է և գտնվում է Վարդենիսի գերեզմանատան մոտ: Իր անձնական ավտոմեքենայով գնացել է եղբոր մոտ ու տեսնելով նրան արնահոսելիս վերջինիս տեղափոխել է Վարդենիսի հիվանդանոց: Եղբորը տանելով հիվանդանոցի ընդունարան, բուժանձնակազմին խնդրել է օգնել եղբորը: Տեսնելով եղբորն անգիտակից վիճակում հուզվել և հիվանդանոցի ընդունարանի մոտ տասը րոպե անհասցե հայհոյանքներ է տվել, քանի որ բուժանձնակազմը դանդաղկոտություն էր ցուցաբերում, Ա. Մանուկյանը փորձել է ընդունարանի հեռախոսով զանգահարել բժշկին, իսկ ինքը մտածել է, որ եղբորը շտապ օգնելու փոխարեն Ա.Մանուկյանը ոստիկանություն է զանգահարում: Նրա ձեռքից վերցնելով հեռախոսը հարվածել է գետնին և կոտրել այն, ապա եղբորը տեղափոխել են ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային հոսպիտալ: Կ.Ավետիսյանին հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին` հիվանդանոցի երրորդ հարկից դեպի հոսպիտալ տանող դռան մոտ հասնելով տեսել է, որ դուռը փակ է և օգնություն խնդրելով աղմկել, ձեռքով մի քանի անգամ հարվածել է դռանը: Մի քանի րոպե անց հոսպիտալ աշխատակից Գևորգ Վարդանյանը բացել է դուռը և իրենք եղբորը տեղափոխել են հոսպիտալ, որի ընթացքում մուտքի դռան մոտ հրել է Գևորգ Վարդանյանին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Հոսպիտալի բուժանձնակազմը սկսել է բուժօգնություն ցուցաբերել եղբորը, որը տևել է մոտ 15 րոպե: Եղբորը նստեցրել են պատգարակի վրա և տեսնելով, որ նա արնահոսում է, գտնվելով նյարդայնացած վիճակում աղմկելով անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և կոտրել հոսպիտալի միջանցքի դռանապակին, մեկ այլ դռան փական և դեղորայքի պահարանի ապակիները, այնուհետև եղբորը տեղափոխել են Երևան:

 

 

Դավիթ Ավետիսյանը դատարանում հայտարարել է, որ չի զգացել, թե ինչպես է այդ ամենը կատարել, քանի որ տեսնելով եղբոր վիճակը, որ վերջինս արնահոսում է, հուզվել է և չի գիտակցել, թե ինչ է անում: Բացի այդ, Վարդենիսի հիվանդանոցին պատճառած վնասը վերականգնել է, իսկ Վարդենիսի կայազորային հոսպիտալին պատճառած վնասը, որը կազմել է 11.710 ՀՀ դրամ, վճարել է համապատասխան հաշվեհամարին:

 

 

ՈՒսումնասիրելով և գնահատելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով և ներքին համոզմամբ դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Դավիթ Արկադիկի Ավետիսյանի արարքում բացակայում Է խուլիգանության հանցակազմի հատկանիշները, հետևաբար` նրա գործողությունները չեն կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով` հետևյալ պատճառաբանությամբ.

 

 

Դատարանը գտել է, որ արարքը խուլիգանության հանցակազմով որակելու համար անհրաժեշտ է նախևառաջ հիմնավորել խուլիգանության հիմնական հանցակազմի առկայությունը: Բացի այդ, դատարանը գտնել է, որ յուրաքանչյուր դեպքում արարքը խուլիգանություն որակելու համար, անհրաժեշտ է քննության առնել նաև այն, թե արդյոք այդ արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել: Այս կապակցությամբ դատարանը գտնում է, որ հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառելու հանգամանքի առկայությունը յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է գնահատել՝ ելնելով նեղ իմաստով հասարակական կարգի նկատմամբ դրա ուղղվածությունից: Այլ խոսքով՝ հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառելու հանգամանքն առկա է, եթե հանցավորի արարքի հետևանքով խախտվում է հասարակական նշանակության վայրերում գտնվող անձի կամ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կամ էականորեն խաթարվում է կազմակերպությունների, հիմնարկների և հասարակական նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքը:

 

 

Սույն գործով դատարանը եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Դավիթ Ավետիսյանի գործողությունները պայմանավորված չեն եղել շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, հետևաբար նրա գործողություններում բացակայում է խուլիգանական մղումը:

 

 

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Վարդենիսի նստավայր) 2012 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով Ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Դավիթ Ավետիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում, իսկ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացրել է:

 

 

Սույն գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Սևանի կայազորի զինվորական դատախազությունը, որով պահանջել է Դավիթ Ավետիսյան Բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Դավիթ Արկադիկի Ավետիսյանի վերաբերյալ 17.10.2012թ. արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ` Դ.Ավետիսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով` նրան դատապարտելով ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը`Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել