Ընտրախախտումների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցատեսակ

Ընտրախախտումների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն: Տեղեկացնում ենք, որ դատախազությունը հսկողություն է իրականացնում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող դիմում-բողոքների քննարկման նկատմամբ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ստորեւ ներկայացնում ենք ընտրական խախտումների այն տեսակները, որոնց համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն.

 

Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը

 

1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:

 

2. Նույն արարքները, որոնք՝

 

1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,

 

2) կատարվել են նյութապես շահագրգռելով,

 

3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

 

4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,

 

5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝

 

6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամկետով:

 

 

Հոդված 150. Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը

 

Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, քվեատուփ հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 151. Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը
Ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 152. Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը

 

Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելը, դրանք չտրամադրելը կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:

 

Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Հոդված 153. Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը
Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:

 

Հոդված 154. Քվեարկության գաղտնիությունը խախտելը
Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատի-կից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:

 

Հոդված 1541. Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը

 

1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

Հոդված 1542. Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը

 

Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

 

Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 1543. Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը

 

Ընտրական հանձնաժողովի կնիքը սահմանված ժամկետում դրա համար պատասխանատու անձի կողմից չվերադարձնելը, ինչպես նաև կնիքի պահպանման համար սահմանված կարգը խախտելը` պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

 

Հոդված 1544. Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը

 

Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (քվեարկության խցիկ) մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության` պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

 

Հոդված 1545. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը

 

Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

 

 

 

Հոդված 1546 Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

 

Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեքի տարի ժամկետով:

 

 

 

ՀՀ դատախազության
աշխատանքային խումբ

 

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել