Մեղադրվում է ծաղիկները վնասելու և ձեռքերը սեղմելու համար

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հ.Ն.-ի: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 10-ին` ժամը 15:00-ի սահմաններում, իրենց` Ե.Թադևոսյան փողոցի 16 շենքի 12ա բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Բելլա Միխայելի Գերավետյանի հետ, որի ընթացքում վնասել է վերջինիս ծաղիկները, այնուհետև մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սեղմել է նրա ձեռքերը, ոտքերով հարվածել ոտքերին և ձախ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսի արյունազեղումների, աջ սրունքի դրսային կոճի շրջանի քերծվածքի ձևով Բ.Գերավետյանին պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Փաստորեն, անձը մեղադրվում է ստորև նշված երկու արարքները կատարելու համար. 1.ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Նույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ 50 000-100 000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել