Ե՞րբ և ո՞վ է հայտարարում արտակարգ դրություն

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

 

 

Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։

 

 

Արտակարգ դրությունը հայտարարում է Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ: Նախագահն իրականացնում է իրավիճակից թելադրվող` օրենքով նախատեսված միջոցառումներ և այդ մաuին ուղերձով դիմում է ժողովրդին։

 

 

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ինչպես նաև հրամանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները ենթակա են անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Հանրապետության Նախագահի հրամանագրում ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

 

 

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ինչպես նաև հրամանագրում կատարվող փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ներկայացվում են Ազգային ժողով:

 

 

Արտակարգ դրություն հայտարարվելու, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքերում, բացառությամբ իրավական ռեժիմի մեղմացման դեպքերի, իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել