Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին և այլն չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ և (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը, հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) ընտրությունները լուսաբանելը և (կամ) հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում) վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները) ապրանքների կամ ծառայությունների գովազդով ընդմիջելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net