Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքի պետն և օպերլիազորը

Ոստիկանությունում ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Օրենքն ու օրինապահությունը ոտնահարողը, ոստիկանի արժանապատվությունն ու համազգեստի պատիվն արատավորողը համակարգում տեղ չունի. սա է ոստիկանության ղեկավարության որդեգրած քաղաքականության հիմնարար սկզբունքը:

  

Արտաշատ քաղաքի մի բնակիչ դեկտեմբերի 12-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հայտարարություն է տվել, որ ինքը նույն օրը, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, ատամնաբուժարանից բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունք, ապա տեղափոխվել նարկոլոգիական կենտրոն:

Թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը փորձաքննությամբ ի հայտ չբերելու և նրան քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողները նրանից պահանջել են 3000 դոլար, ինչին ինքը չի համաձայնել:

 

Քիչ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է եկել նույն ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը և ոստիկաններից մեկի հետ առանձնազրույցից հետո քաղաքացուն ասել, որ 2000 դոլար վճարելու դեպքում բոլոր հարցերը կարող են կարգավորվել: Ըստ պայմանավորվածության՝ 300 հազար դրամը պիտի տրվեր նույն օրը, իսկ մնացած գումարը՝ այսօր` դեկտեմբերի 13-ին:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, քաղաքացուց կաշառք ստանալու կասկածանքով, ոստիկանության ներքին անվտանգության վարչություն բերման են ենթարկվել բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը և օպերլիազոր Գևորգ Գևորգյանը: Բերման է ենթարկվել նաև ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, իսկ ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը կանչով ներկայացել է ոստիկանություն:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Տեղեկացնում են ոստիկանությունից:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել