Ջրօգտագործման թույլտվություն ստանալու կարգը

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ հայտ է ներկայացնում Բնապահպանության նախարարություն կամ ջրավազանային կառավարման մարմին:

 

Ջրօգտագործման թույլտվության հայտը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Բնապահպանության նախարարությունը նախնական կարծիք է տալիս հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ՝ ուղարկելով հայտի նախնական քննարկման արդյունքները հայտը ներկայացնող անձին՝ ուղղակիորեն կամ լիազորված մարմնի (անձի) միջոցով:

 

Բնապահպանության նախարարության կողմից հայտի նախնական գնահատումը ներառում է Ջրային օրենսգրքով նախատեսված ջրօգտագործմանը ներկայացվող հատուկ պայմանների սահմանումը, պահանջվող լրացուցիչ տեղեկությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտության նշումը:

 

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի նախնական գնահատումը կատարելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Բնապահպանության նախարարությունը ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

 

Օրենքով նախատեսված դեպքում ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտության դեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:

 

Բնապահպանության նախարարությունը Ջրային օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացը կարող է երկարաձգվել, սակայն 60 օրից ոչ ավելի ժամկետով:

 

Վերը նշված նախնական քննարկումներն իրականացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Բնապահպանության նախարարությունն իրականացնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական քննարկումը:

 

Վերջնական քննարկումը ներառում է ջրօգտագործման թույլտվություն տալուն առնչվող բոլոր հարցերի դիտարկումը, ներառյալ՝ հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները, ջրօգտագործման թույլտվության հատուկ պայմանների սահմանումը, որոնք վերաբերում են ջրի քանակի ու որակի պահպանությանը և կցվում են ջրօգտագործման թույլտվությանը:

 

Վերջնական քննարկումն ավարտելուց հետո Բնապահպանության նախարարությունը վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական որոշումը և, ըստ անհրաժեշտության, լրացված և ստորագրված ջրօգտագործման թույլտվության պատճենները կարծիքների, պայմանների և հրահանգների հետ՝ ուղղակիորեն կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է հայտատուին:

 

Եթե պայմանները չեն բավարարում ջրօգտագործման թույլտվության հայտատուին, ապա նա իրավունք ունի բողոքարկել Բնապահպանության նախարարության որոշումը՝ օրենքով սահմանված կարգով:

 

Ջրօգտագործման թույլտվությունը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտը ներկայացնողը պետք է ստորագրված թույլտվությունը վերադարձնի Բնապահպանության նախարարություն:

 

Հայտ ներկայացնողի կողմից ստորագրված ջրօգտագործման թույլտվությունը Բնապահպանության նախարարություն ներկայացնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, վերջինս Ջրային օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել