Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է տվյալ անվանումով իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից, պատկանում է տվյալ իրավաբանական անձին (ֆիրմային անվանման իրավատեր):
Որպես իրավաբանական անձի անվանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Օտարերկրյա պետությունում գրանցված կամ համընդհանուր ճանաչում ստացած անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է օրենքով նախատեսված դեպքերում:
Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման բացառիկ իրավունքից, եթե՝
1) դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.
2) դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.
3) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.
4) իրավաբանական անձը լուծարվել է:
Աղբյուրը` Իրավաբան.net