Սերվիտուտ եզրույթն առաջացել է լատիներեն servitus բառից է, որը թարգմանաբար նշանակում է ենթակայություն, ծառայություն, պարտավորություն:
Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածը այն բնորոշում է որպես ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք:
Ե ՞րբ է տրամադրվում ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք:
«Սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Հողամասը սերվիտուտով ծանրաբեռնելը հողամասի սեփականատիրոջը չի զրկում այդ հողամասի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից:
Սերվիտուտը չի կարող լինել առուվաճառքի, գրավի և վարձակալության ինքնուրույն առարկա:
Սերվիտուտը կարող է լինել կամավոր և հարկադիր:
Կամավոր սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և հարևան կամ այլ հողամասի սեփականատիրոջ` նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ:
Հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:
Սերվիտուտը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այդ օրենքով նախատեսված դեպքերի:
Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասն օգտագործելու համար վճար պահանջել այն անձանցից, ի շահ որոնց սահմանվել է սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Կամավոր սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ օրենքով:
Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net