Թե ինչպես է նշանակվում պատիժը հանցանքների համակցությամբ, արդեն ներկայացրել ենք(տես Իրավաբան.net-ի 09.12.2012թ. հոդվածը), այժմ կներկայացնենք պատժի նշանակման կարգը դատավճիռների համակցությամբ:
Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:
Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, եթե դա կապված չէ ազատազրկման հետ, չի կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավելագույն չափը:
Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել երեսուն տարին:
«Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատիժների միացումը կատարվում է նույն կարգով, ինչ հանցանքների համակցության դեպքում:
Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net