Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը

Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:

 

Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

 

Գործունակ քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

 

Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

 

Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

 

Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում առանց անձնագրում հաշվառման մասին նշում կատարելու:

 

Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս` անձնագրերը տրվում են 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչև 18 տարին լրանալը:

 

16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու` մինչև 16 տարին լրանալը տրված անձնագիրը կարող է փոխանակվել նրա մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` նախքան անձնագրի վավերականության ժամկետը լրանալը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել