Ինչի՞ց է հարկվում եկամտային հարկը

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացման ենթակա հարկվող եկամուտը:

 

 

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա հարկվող եկամուտը:

 

 

Հարկվող եկամուտ ասելով պետք է հասկանալ հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունը, եթե այդ օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ:

 

 

Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա բոլոր եկամուտների հանրագումարն է:

 

 

«Եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա գույքը, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա եկամուտները»-Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 

Փաստաբանի խոսքերով.«Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացման ենթակա եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման իրավունքի ձեռքբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից»:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել