«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության լոկալ որոշման նախագծի վերաբերյալ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ին որոշում կընդունի։
2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը:
Համաձայն ԲԿԳ Հայաստանյան ժամանակացույցի՝ 2018թ. հունիս ամսին սահմանված է ավարտել երրորդ գործողությունների ծրագիրը և հաստատել 4-րդ գործողությունների ծրագիրը՝ նախատեսված 2018-2020թթ. համար:
Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2018թ. մարտից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ – Հայաստան չորրորդ գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երեք Գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկությունները:
Նախագիծը կազմվել է ինչպես Կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրում՝ միջազգային ստանդարտների հիման վրա, կրթության, առողջապահության, ջրային և հողային տվյալների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքային կայքերում ծառայությունների հասանելիության ապահովումը, պետական ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի ապահովում և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:
Նախագիծն անցել է հանրային քննարկումների մի շարք փուլերով և այժմ ներկայացվում է ՀՀ կառավարության քննարկմանը:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության լոկալ որոշման ընդունումը բխում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պահանջներից:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության չորրորդ գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության լոկալ որոշման ընդունումը նախատեսում է մի շարք իրավական ակտերում կատարել փոփոխություններ և լրացումներ: Որոշումը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Որոշման ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում։
Հիշեցնենք նաև, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջարկությունների հիման վրա Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնություն – Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրով ՀՀ Կառավարությունը հանձնառել է ներդնել բոլոր ոլորտներում գործող ընկերություններիիրական սեփականատերերի բացահայտում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի շրջանակներում ստեղծելով և գործարկելով համապարփակ գրանցամատյան, ինչը վերաբերելու է նաև հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին՝ էապես բարձրացնելով նշված ոլորտում թափանցիկությունը և հանրային վերահսկողության մեխանիզմները: