Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 20-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Ձերբակալվել է երիտասարդ կնոջ 30-ամյա ամուսինը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Կան նաև տեղեկություններ, որ 30-ամյա Ի.Ն.-ն խփել է կնոջը, նա ընկել է գետնին, որից հետո վազել է տնից դուրս, ընկել է աստիճաններից ու գլուխը հարվածել է պատին: Ամուսինը կնոջ հետևից դուրս է եկել ու գտել նրան անգիտակից վիճակում: Նա կնոջը տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում կպարզվի՝ կինը մահացել է ընկնելու, գլուխը պատին խփելու, թե՝ ամուսնու հարվածի հետևանքով:
Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին Էրեբունի ԲԿ-ից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: