Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նոր նախագիծ, որով կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրներ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի օրենք 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը նրանց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս նրանց ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով: Այս դրույթը չի տարածվում այլ զորքերի զինծառայողների վրա, որոնք նույնպես կարող են մարտական հերթապահություն իրականացնել հակառակորդի հետ շփման գծում:
Գործող կարգի համաձայն` եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո, ապա նրան այլ տեսակի կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից: Ստացվում է, որ ունենալով կենսաթոշակի իրավունք` անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք է բերում դիմելու օրվանից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են ավելի վաղ ժամկետից կենսաթոշակ նշանակելու դեպքեր:
Միաժամանակ, օրենքի հավելվածում առաջարկվում է կատարել փոփոխություն և սահամնել, որ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է աշխատողի աշխատավարձը և ՀՀ պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով «արտարժույթի փոխանակման ծախսերը փոխացվում են միջազգային կազմակերպությանը»: