Քարահունջի առեղծվածը
Քարահունջը, որը հայտնի է նաև Զորաքարեր կամ Զորաց Քար անուններով, բրոնզ-երկաթի դարաշրջանի առավել խոշոր և խիստ ինքնատիպ մեգալիթյան կառույցներով (դամբարաններ, դամբարանանաբլուր) և ավելի քան 220 մենհիրների շարքով ներկայացված մի հսկայական համալիր է։ ՀՀ Կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1095 որոշմամբ հնավայրը պաշտոնապես անվանվել է «Քարահունջի աստղադիտարան»։
Հուշարձանի նշանակության և թվագրության վերաբերյալ դեռևս միասնական կարծիք գոյություն չունի։ Բոլոր դեպքերում անվիճելի է այն, որ համալիրի կառույցները և շրձանաձև ու ձվածիր շարված խոշոր քարերը նման են Իսլանդիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում (Կալլինիշ), Ֆրանսիայի Լանգեդոկի շրջանում (գյուղ Կարնակ)` Միջերկրականի արևելքում, և այլ վայրերում հայտնաբերված նման հուշարձաններին, որոնցից ամենանշանավորը Ստոունհենջն է Անգլիայում ։
Իրականում, Քարահունջի քարերի նման քարեր կան Հայաստանի այլ շրջաններում ևս` Շիրակում և Սևանա լճից դեպի հարավային Սյունիք հատվածի բազմաթիվ վայրերում։ Դրանց բնորոշ է այն, որ 2-3 մ բարձրություն և մինչև 10 տոննա քաշ ունեցող բազալտի խոշոր քարաբեկորներից յուրաքանչյուրը կանգնած կամ նստած մարդու աչքի մակարդակին հասնող բարձրության վրա հստակ փորված անցք ունի։ Քրիստոնեության տարածման վաղ շրջանում դրանցից շատերի վրա փորագրվել են խաչեր, մի մասը լիովին վերածվել է փորագրազարդ խաչքարերի, և միայն դրանց վրայի «աչքի անցքերն» են վկայում նախնական նշանակության մասին։ Նմանատիպ քարեր կարելի է գտնել գերեզմանոցներում, եկեղեցիներում կամ բնակավայրերից մեկուսի ազատ տարածքներում։
Համալիրը
Շուրջ 7 հա տարածք զբաղեցնող այս հնավայրը (աշխարհագրական լայնությունը` 39՛ 34′, երկայնությունը` 46՛ 01′) ներկայացված է մոնումենտալ կառույցներով և դրանց հարևանությամբ գտնվող ընդարձակ շինություններով։ Արևմտյան մասում դամբանային կառույցներն են։ Արևելքից, պարսպապատի հիմքի վրա շղթայաձև տեղադրված մենհիր-քարակոթողների շրջանն է (ձվածիր)` դեպի հյուսիս, հարավ և արևելք ձգվող տարբեր չափսերի քարերի շարքերով կամ անցուղիներով։ Մենհիրների կենտրոնական շրջանից դեպի արեմուտք գտնվում է հսկա դամբարանը։ 250 մետր ձգվող 223 կանգնած և ընկած քարերը հատում են «ցանկապատի» շրջանը, իսկ 200-ից ավելի դամբարաններն ու գերեզմանները դասավորված են անցուղիների երկարությամբ և տեղ-տեղ առանձին խմբեր են կազմում` ձևավորելով կենտրոնական շրջանը, քարաշարքը, կենտրոնական անցուղին, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս-արևելյան անցուղին։
Նյութը` armenianmonuments.org-ի
Աղբյուրը` Իրավաբան.net