Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատուին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև KfW գերմանական զարգացման բանկի Կովկասյան տնօրեն Կլաուս Ֆայգելը:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և, օգտվելով պատեհ առիթից, կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և գերմանական կազմակերպություններին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ KfW գերմանական զարգացման բանկը կարևորագույն դերակատարություն է ունեցել Հայաստանում վարկային մշակույթի ձևավորման գործում, ինչի շնորհիվ նաև մեծ ազդեցություն է թողել տնտեսության զարգացման վրա: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է այն ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս նոր գաղափարներ բացահայտել և դրանք կյանքի կոչել: «Յուրաքանչյուր երկրի համար նոր գաղափարները մեծ արժեք ունեն. ցանկացած կառավարություն  պետք է ջանք չխնայի դրանք բացահայտելու համար»,-նշել է փոխվարչապետ Գրիգորյանը:

Պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել են իրենց պատվիրակության այցը և հանդիպումը փոխվարչապետի հետ մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում վերահաստատվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը լավ է ընթանում և առկա է այն ընդլայնելու ու խորացնելու մեծ ներուժ: Գերմանիայի Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատուն փոխվարչապետին հակիրճ ներկայացրել է Հայաստանում KfW գերմանական զարգացման բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել նոյեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են գերմանական կազմակերպությունների կողմից իրականացվող և Հայաստանի կարևորագույն ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի ընթացքը, խոսել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել