Կսահմանվի հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս­տատության դասարանների կազմավորման կարգը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանության  է ներկայացրել որոշման նախագիծ, որով սահմանվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս­տատության դասարանների կազմավորման կարգը:

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

 

  1. Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջ­ներին համապատասխան:
  2. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատության(այսու­հետ՝ հաստատություն) դասարանների կազմավորման հետ կապված հարա­բե­րու­թյունները:
  3. Դասարանը միևնույն առարկայական ծրագրեր ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:
  4. Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա, դպրոցի տնօրենի հրամանով՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:
  5. Հաստատության տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է,ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 30 է:
  6. Հաստատությունում սույն կարգի 5-րդ կետով սահմանվածից ավելի սովորողներ ունենալու դեպքում ձևավորվում են միևնույն առարկայական ծրագրերն ուսումնասիրող մեկից ավելի դասարաններ:
  7. Բնակավայրի միակ հաստատությունում կարող են ձևավորվել բազմահամակազմ դասարաններ (ուսումնական խմբեր), որոնց ձևավորման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան:
  8. Բազմահամակազմ դասարանները (ուսումնական խմբերը) կարող են լինել երկհամակազմ, եռահամակազմ, քառահամակազմ:
  9. Երկհամակազմ խմբերում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ խմբերում՝ 12-ը, իսկ քառահամակազում՝ 8-ը:
  10. Հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է.

1) լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող  երեխաների,  մտավոր հետամնացություն ունեցող երե­խա­­նե­րի հատուկ հանրա­կրթական հաստատու­թյուն­­ներում` 15 սո­վորող,

2) միջին և ծանր մտավոր հետամնացություն և բազմակի խնդիրներ ունե­­ցող երեխաների հատուկ հանրա­կրթական հաստատու­թյուն­­ներում` 9 սո­վորող,

3) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հա­տուկ հանրա­կրթա­կան  հաստատություններում` 20 սովորող:

  1. Դպրոցում մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները դասարաններում բաշխվում են համաչափ:

       1) Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում, դասարանում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի սահմանափակվում:

  1. Սույն կարգով սահ­ման­ված սովորողների առավելագույն թվից պակաս թվաքանակով դասարան (ուսում­նական խումբ) կարող է կազմավորվել (խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով) հանրակրթական դպրոցի ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ սույն կարգի 4-րդ կետի պահանջների պահպանմամբ:
  2. Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրության համապատասխան:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել