ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին ներկայացրեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։
Տնօրենը շնորհավորեց վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթեց հաջող ծառայություն և վստահեցրեց, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում:
Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Ա. Վանեցյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն այդ համագործակցության էլ ավել ամրապնդմանը:
ՌԴ կողմը ևս պատրաստակամություն հայտնեց նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ եղավ ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը: