ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանձնաժողովը՝
- համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
- համակարգում է ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ ՀՀ օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.
- նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:
4. ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:
Հավելվածին ծանոթացեք ստորև՝