Տարածքայի կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնի համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավար Պետրոս Քոչինյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2014 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Պետրոս Քոչինյանը 2018 թվականի մայիսի 30-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի մայիսի 31-ին Լոռու մարզի Վահագնի համայնքի ավագանին կազմել է արձանագրություն:
Վերոնշյալ արձանագրությունը Լոռու մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 11-ի №295-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոնշյալ հանգամանքներով։