Երևի յուրաքանչյուրս էլ դիտել ենք արտասահմանյան արտադրության գոնե մեկ ֆիլմ, որտեղ օդանավը զավթվում է ահաբեկիչների կողմից: Մի պահ փորձեք հիշել` ինչ միջոցներ է ձեռնարկում օդանավի անձնակազմը. ի թիվս այլ գործողությունների, անձնակազմի անդամներից մեկը փորձում է բանակցել ահաբեկիչների հետ: Նշված բանակցություններն ունեն մեծ նշանակություն, և դրանց ճիշտ վարելուց է կախված օդանավի և ուղևորների հետագա ճակատագիրը:
Այժմ, ներկայացնենք օդանավում անօրինական միջամտության գործողություն կատարած անձանց հետ բանակցություններ վարելու ճիշտ կարգը:
Եվ այսպես.
Անօրինական միջամտության գործողություն կատարած անձանց հետ բանակցությունները պետք է վարի, օդանավի հրամանատարի կողմից նշանակված, օդանավի անձնակազմի անդամը: Բանակցություններն սկսվում են դրանց անցկացման վերաբերյալ անօրինական միջամտության գործողություն կատարած անձանց համաձայնության ստացումից և անձնակազմի անդամի (բանագնացի) անվտանգության երաշխիքների հավաստումից հետո:
Օդանավի խցիկից անձնակազմի անդամի դուրս գալն, ինչպես նաև ետ վերադառնալը պետք է իրականացվի խցիկը անօրինական միջամտության ակտ կատարած անձանց ներթափանցումից պաշտպանմանն ուղղված անվտանգության միջոցների կիրառմից հետո:
Անօրինական միջամտության ակտ կատարած անձանց հետ բնակցություններ կարող են վարվել.
ա) ինքնաթիռի խոսակցասարքի միջոցով՝ հանցագործների ագրեսիվ պահվածքի և անձնակազմի անդամի անվտանգության հարցում անվստահ լինելու դեպքում,
բ) անմիջական շփման միջոցով, բանակցությունների վարման ընթացքում անվտանգության ապահովման լիակատար վստահության դեպքում:
Իսկ ի՞նչ մարտավարություն պետք է ընտրել:
Անօրինական միջամտության ակտ կատարած անձանց հետ բանակցություններ վարելու ձևերն ու մարտավարությունը հետևյալն է.
ա) պահանջկոտ, ազդու տոն՝ ֆիզիկապես և հոգեպես թույլ, ագրեսիվություն չդրսևորող անձի նկատմամբ, որը հանցագործին դրդում է հրաժարվել չարանենգ դիտավորություններից,
բ) մտածված, մեղմ տոն՝ ակնհայտ ագրեսիա դրսևորող ֆիզիկապես և հոգեպես կայուն անձանց նկատմամբ, նրան տակտով բացատրելով անմեղ ուղևորների դեմ զենքի, պայթուցիկ կամ հրաձիգ նյութերի կիրառման աննպատակահարմարության մասին, որը նվազեցնում է նրանց ագրեսիվությունը.
գ) հաշվի առնելով անօրինական միջամտության ակտ կատարած անձանց վարքի անկանխատեսելիությունը՝ անձնակազմի անդամը պետք է պատրաստ լինի բանակցությունների մարտավարության ճկուն փոփոխության, լինի զուսպ, քաղաքավարի, թույլ չտա հանցագործներին գրգռող արտահայտություններ:
Բանակցությունների ընթացքում խորհուրդ է տրվում մշտապես հետևել անօրինական միջամտության ակտ կատարած անձանց պահվածքին, ըստ հնարավորին շատ տվյալներ հավաքել նրանց վերաբերյալ, հիշել նրանց կողմից զենքի կամ սպառնալիքի այլ միջոցների կիրառման իրական լինելու մասին: Վերադարձը խցիկ պատճառաբանել առաջադրված պահանջներն օդանավի հրամանատարին հայտնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև իր պարտականությունների կատարմամբ:
Թռիչքի ընթացքում օդանավի ուղեկցորդները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.
ա) տեղեկատվություն ստանալով հանցագործների պահանջների մասին և համոզվելու համար նրանց մտադրությունների լրջության հարցում՝ շատ հանդարտ և մեղմ տոնով հարցնեն նրանց՝ «Դուք չե՞ք կատակում», «Դա իրո՞ք այդպես է», «Դուք լու՞րջ եք ասում»,
բ) համոզվելով հանցագործների մոտ զենքի կամ բացահայտ սպառնալիքի այլ առարկաների առկայության մեջ՝օդանավի ուղեկցորդը ձեռնպահ է մնում այնպիսի խոսակցություններից ու գործողություններից, որոնք կարող են հավասարակշռությունից հանել հանցագործներին և նրանց հրահրել անօրինական գործողությունների,
գ) հանդես է բերում անհրաժեշտ զգուշավորություն, ուղևորների մոտ խուճապը կամ ուղևորների կողմից հանցագործների մեկուսացումը կամ վնասազերծումը կանխելու համար, ինչը կարող է թռիչքի անվտանգության սպառնալիք առաջացնել, ուղևորներին խորհուրդ է տալիս կոճկել ամրագոտիները.
դ) դադարեցնում է ոգելից խմիչքների մատուցումը.
Վերը նշված կարգը և տակտիկան ճիշտ պահպանելու դեպքում մեծ է հավանականությունը, որ աղետալի հետևանքները կկանխվեն:
Աղբյուրը` Իրավաբան.net