Ի՞նչ պետք է անեն Հայաստանում բնակվող օտարերկրացիները, եթե երկրում ռազմական դրություն հայտարարվի

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ստորագրել է N 65-Ն հրամանը, որով նոր փոփոխություններ են կատարվել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» N 97-Ն հրամանի մեջ:

Այսպիսով, Հայաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները պետությունում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության կամ պատերազմի դեպքում ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն՝ օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին:

Հայաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չեն կարող ներկայացնել քաղաքացիության պատկանելության պետության կողմից տրամադրվող ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ՝  ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն՝ օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին և նշված փաստաթղթի բացակայությունը հիմնավորող տեղեկատվություն:

Իսկ եթե քաղաքացիական կացության ակտերում անձի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում Հայաստանի  իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում նշված տվյալների հետ, ապա քաղաքացիական կացության ակտում փոփոխությունը կատարվում է, եթե ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ձեռք բերված հետևյալ պաշտոնական փաստաթղթերից առնվազն երկուսը՝ վարորդական իրավունք, դիպլոմներ, այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներ և այլն:

Նշենք, որ հրամանը ընդունվել է փետրվարի 16-ին, սակայն ուժի մեջ է մտնում մարտի 5-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել