Նախատեսվում է պարզեցնել ԵՄ անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրվող բժիշկների գործունեության թույլտվության կարգը

Կառավարությունը առաջիկա նիստին կքննարկի Հայաստանում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Դեռ  2016 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողի կրթության և մասնագիտական գործունեության իրավունքի փաստը հավաստող փաստաթղթերի  ներկայացման ընդհանուր մոտեցում, այն դեպքում երբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից հրավիրված մասնագետների մասնագիտական թույլտվության տրամադրման ընթացակարգերը կարգավորվում են ԵԱՏՄ վավերացված համաձայնագրերով և ԵԱՏՄ կոլեգիայի որոշումներով:

Միաժամանակ Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող/հրավիրվող բժիշկների պարագայում, որոնք գերակշիռ մեծամասնությամբ մեծ ճանաչում ունեցող հայազգի բժիշկներ են, նախատեսվում է ներդնել ՀՀ տարածքում կարճաժամկետ մասնագիտական գործունեության թույլտվության հեշտացված ընթացակարգ, հաշվի առնելով նաև, որ այդ երկրներում, արդեն իսկ խիստ վերահսկվում է բժշկական գործունեության իրականացումը, իսկ բժշկական կրթության որակը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծի նպատակն է պարզեցնել ՀՀ տարածքում ժամանակավոր մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը:

Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացի վրա և ընդհանուր առմամբ կբերի ՀՀ առողջապահական համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել