ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քրեական գործերով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից
Այսպես, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում խուլիգանության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Հ. Վ.-ն հաղորդում է տվել, որ հիշյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր հարցաքննության արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է շարադրել: Մասնավորապես, ըստ Հ. Վ.-ի` հարցաքնությունների ընթացքում ինքը նշել է, որ որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել քրեական գործով անցնող երկու մեղադրյալների միջև, սակայն քննիչը հարցաքննությունների արձանագրություններում գրի է առել է, թե ինքը, իբր, ներկա է եղել վերջիններիս կողմից վիճաբանելու և միմյանց հարվածելու դեպքին:
Մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճռում արձանագրվել են խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն: Մասնավորապես, դատարանի կարծիքով` վրաերթի փաստով հարուցված քրեական նախաքննության ընթացքում վկա Գ. Հ.-ի հարցաքննության ժամանակ քննիչը դիտավորյալ չի արձանագրել քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք ելակետային տվյալներ, այլ դրանք արձանագրության մեջ լրացրել է ավելի ուշ` հարմարեցնելով հարցաքննությունից հետո ձեռք բերված այլ ելակետային տվյալներին:
Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: