Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և մաքսային ձևակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ: Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ՝ 2018 թվականի հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանի, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա: «Մաքսային արժեքների մշակման ընթացքում, որպես գնային տեղեկատվություն, մաքսային մարմինների կողմից 267-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, օգտագործվել են մաքսային մարմինների տրամադրության տակ եղած ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազան, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքով զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգները և էլեկտրոնային կայքերը»,-ասել է Տիգրան Մինասյանը:
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ: «Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի»,- ընդգծել է Տիգրան Մինասյանը:
Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար», «Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքների վերաբերյալ»: Տիգրան Մինասյանի հավաստմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է. անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի և կթարմացվի: