Փաստաբան Արայիկ Պապիկյանը Իրավաբան.net-ի ամանորյա հարցերին է պատասխանել՝ նշելով ոլորոտում ձեռքբերումները, զվարճալի դեպքերն ու բացթողումները։
-Պարո՛ն Պապիկյան, ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ունեցաք այս տարի։
–Աշխատանքի ու մասնագիտական գործունեության առումով ձեռքբերումները շատ ավելի էին, քան անհաջողությունները: Որպես կարևոր ձեռքբերում` անխոս բազմաթիվ նոր ընկերներ ու գործընկերներ, մասնագիտական նոր հմտություններ ու կարողություներ ձեռք բերելն էր: Կոնկրետ անհաջողություն դժվարանում եմ նշել. ամեն դեպքում համոզված եմ, որ կարող էի և պարտավոր էի ավելի լավ ու արդյունավետ աշխատել: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ տարին անհաջող էր մարդու իրավունքների պաշտպանության առումով:
-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
–Իմ կարծիքով այդպիսիք շատ են. չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել, արժանիները շատ են: Փաստաբաններից շատերն իրենց մասնագիտական աշխատանքը կատարեցին բարձր պրոֆեսիոնալիզմով, չանսացին այն բոլոր տարաբնույթ ճնշումներին, որոնք կիրառվում էին նրանց նկատմամբ: Մեր միջավայրում նրանց ներկայությունը բոլորիս հույս ու հավատ էր ներշնչում: Շնորհակալ եմ, որ նրանք կան:
–Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի, միգուցե դրանք դատական գործեր կլիեն, դատական կամ իրավական ակտեր:
-Թերևս զավեշտալի պետք է համարել դատարաններում զննության վերաբերյալ ԴՆԽ-ի նոր որոշումը: Դրա մեջ նշված մի շարք առարկաներով դատարան մուտքը արգելելը հավանաբար հումորի նպատակով է գրվել: Եթե չեմ սխալվում, Հայաստանում ոչ ոք իր հետ ձկներ, սողուններ, միջատներ կամ թռչուններ դատարան չի տարել:
–Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում:
–Իմ գործունեության ոլորտում ինձ ամենից շատ զարմացրեցին, զայրացրեցին կալանքի հետևանքով փաստացի մահվան հասցված Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) և Հրաչյա Գևորգյանի դեպքերը, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Կարեն Կունգուրցևի գործով:
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
–Իրավաբան Ձմեռ պապին, ինձ համար՝ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործին, պաշտոն տալ պետք չէ. ընդամենը անհրաժեշտ է նրա առաքինի կենսակերպը ընդօրինակել՝ ընդունելով որպես նվեր և ողջ տարին ապրել առաքինի կենսակերպով:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
–Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները նշում եմ տանը՝ ընտանիքիս անդամների հետ: Բնականաբար տոները նշում ենք մեր հարազատների ու մտերիմներ հետ:
–Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
–Ոչ: Այդ դերում իմ հնարավոր հավակնությունները մեծ վնաս կհասցնեն և՛ խոհանոցի աշխատանքներին, և՛ մեր տոնական սեղանին: 🙂 Խոհանոցում իմ հայտնվելու դեպքում դուստրս և կինս կկիրառեն ընտանեկան սանկցիա: 🙂
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
-Մասնագիտական առումով ակնկալիքս մեկն է՝ «Մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական նորմը ապահովվում է ամենուր՝ դատարան, դատախազություն, քննչական մարմին: Դժվար է հավատալ, որ տարվա ընթացքում դա կյանքի կկոչվի, բայց հուսամ, որ 2018 թ.-ին Հայաստանում արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում մենք առաջընթաց կունենանք:
–Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած, բայց չստացած նվեր:
-Քանի որ մեծ երեխա եմ, վաղուց Ձմեռ պապիկից նվեր չեմ խնդրում:
Ալիսա Չիլինգարյան