Շուրջ 8.000 դոլարի նվիրատվություն «Երևան» հիմնադրամին՝ քաղաքապետի կարգադրությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրության համաձայն շուրջ 3,8 միլիոն դրամի նվիրատվության պայմանագիր կկնքվի։

Գումարը նախատեսվել է 2018թ. Երևանի պատկերանշանով օրացույցերի և օրացույցի պայուսակների հրատապ տպագրման  աշխատանքներին աջակցելու համար: Այս նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևանի 2017թ-ի բյուջեով քաղաքապետարանի բյուջետային ծախսերի կարգի համաձայն, «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից  «Երևան» հիմնադրամին,  որպես նվիրատվություն, հատկացնել շուրջ 3 միլիոն 8 հարյուր հազար դրամ կամ շուրջ 8000 դոլար՝ լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։

Նշենք, որ այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է։

Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։   Կարգադրության կատարումը կհսկի Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։

Կարգադրության համար հիմք է ընդունվել Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 12-ի «Երևան քաղաքի 2017 թ-ի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.21-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի գրությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել