Մայրաքաղաքի տոնածառների տեղադրման աշխատանքները միայն մեկ ընկերություն է իրականացնում

Մայրաքաղաքի տոնածառների տեղադրման աշխատանքները միայն մեկ ընկերություն է իրականացնում

Ամանորի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են․ Երևանի քաղաքապետարանը շուրջ 22 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ձևավորում» ՓԲ ընկերության հետ՝ մայրաքաղաքում տոնածառերի տեղադրման և ձևավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Գնումն իրականացվել է բաց ընթացակարգով, մրցույթը հայտարարվել է, և դրան մասնակցության հայտ ներկայացրել է միայն այս ընկերությունը։

Քաղաքապետարանը նաև վերջին չորս տարիներին (2013, 2014, 2015, 2016) է նույնքան գումար հատկացրել տոնածառերի տեղադրման համար։ Եվ վերջին չորս տարիների ընթացքում էլ գնման մրցույթներին մասնակցության հայտ ներկայացրել է միայն «Ձևավորում» ՓԲԸ-ն և հենց այս ընկերությունն էլ տարիներ շարունակ մատուցում է ծառայությունը։ Այս մասին տեղեկանում ենք ինչպես Երևանի քաղաքապետարանից կողմից Իրավաբան.net-ին տարամադրված, այնպես էլ gnumner.am կայքում հրապարակված գնման գործընթացի արձանագրություններից։

Պետական գնումների մրցույթին մասնակցող ընկերությունները բազմիցս խոսել այն խնդրի մասին, որ գնման մրցույթի հայտարարություններով պահանջվում են այնպիսի մասնագիտական փորձառության պայմաններ, որոնցով սահմանափակվում է մրցակցությունը։

Այս տարվա փետրվարին հայտարարվել է ԵՔ-ԲԸԾՁԲ-17/114 բաց ընթացակարգով գնման մրցույթը, որտեղ «մասնագիտական փորձառություն» չափանիշի գնահատման հատվածում նշվում է․

«Մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատուցված ծառայությունների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան տոկոսից: Նմանատիպ են համարվում մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցումը»։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիայի նախագահ Արսեն Համբարձումյանը նշում է, որ այս դեպքում որևէ օրենսդրական նորմի խախտում չկա․ «Մատնանշած մասնագիտական փորձառության պահանջներ պարունակող հատվածը իրավաչափ է և սահմանված է եղել Կառավարության 168-Ն որոշմամբ։ Նույն սահմանումը տրված է նաև ներկայումս գործող 526-ն որոշմամբ։ Այլ հարց է թե արդյոք նման կարգավորումը չի հակասում գնումների մասին օրենքի նպատակին և խնդիրներին»։

Նրա կողմից համահեղինակված «Պետական գնումների համակարգի 2016-2017 թվականների մոնիտորինգի արդյունքները» հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել այս խնդրին․ «ՀՀ-ի սահմանափակ շուկայի առկայության պայմաններում գործնականում բազմաթիվ դեպքերում հնարավոր չէ ապահովել մասնագիտական փորձառություն համարվող նախկինում կատարված համանման պայմանագրերի առկայություն, այդ թվում պայմանագրերից մեկի արժեքի մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի 20 տոկոսից պակաս չլինելու պայմանը: Այս չափանիշին համապատասխանող հնարավոր մասնակից կարող է հանդիսանալ նախկինում պետական կարիքների բավարարման համար համապատասխան պայամանագրի կողմ հանդիսացած մատակարարը: Նման մոտեցման արդյունքում ժամանակի ընթացքում ՀՀ շուկան մոնոպոլիզացվել է, իսկ մրցակցությունը՝ գրեթե վերացել»։

Այսինքն, տվյալ պահանջների դեպքում միևնույն ընկերությունները պրակտիկորեն դառնում են միակ մատակարարներ, քանի որ հենց նրանք են ունենում պետությանը նախկինում նման ծառայություններ մատուցելու և մյուս պահանջներին բավարարող փորձառություն, իսկ նոր տնտեսվարողներն ուղղակի հնարավորություն չեն ունենում մասնակցել մրցույթին։ Ինչի հետևանքով տուժում է հենց պետությունը՝ ավելի մատչելի առաջարկներ ստանալու հնարավորությունից զրկվելով։

Ի դեպ, այս խնդրի վերաբերյալ  ֆինանսների փոխնախարար Կարեն Թամրազյանը պատասխանել է, որ մասնագիտական փորձառության պահանջների վերաբերյալ մտահոգությունները բացառելու համար ներկայումս հանրային քննարկման է ներկայացված կառավարության որոշման  նախագիծ՝ «Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին»։

Կառավարության կողմից այս նախագծի հաստատվելուց հետո ֆինանսների նախարարությունը կկարողանա ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերն ու մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները փորձաքննության ենթարկել։ Սրա նպատակը մրցակցության ապահովումն ու խտրականության բացառումն է։

Անորոշ, ընդհանուր սահմանումներ՝ գնման մրցույթի հայտարարության և պայմանագրի մեջ

Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում անդրադառնում է տվյալ դեպքի այլ ուշագրավ հանգամանքների․ մասնավորապես այն, որ տվյալ ծառայությունը դիտարկվում է որպես «մշակութային միջոցառումների մատուցում»․ «Իմ կարծիքով տոնածառի տեղադրումը պետք է դասվեր ժամանակավոր կառույցների մոնտաժային աշխատանքների կատարման խմբին, բացի այդ՝ տոնածառները անհնար կլինի տեղադրել առանց շինարարական հատուկ տեխնիկայի (ամբարձիչ, կռունկ)»։

Այսպես, պայմանագրով նախատեսված 22 միլիոն դրամից 13.45 միլիոն դրամը (շուրջ 28 հազար դոլար) հատկացվել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ու ձևավորման համար: Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը նշում է, որ  տոնածառի ձևավորման աշխատանքը ներառում է տոնածառի մետաղական կարկասի տեղադրման, պատվանդանի կառուցման, կարկասների վրա տոնածառի ճյուղերի հավաքման, լուսավորության վահանակաների տեղադրման, լուսային շարանների մոնտաժման, խաղալիքների և գագաթի տեղադրման, տոնածառի ապամոնտաժման, տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ։

Այսինքն, շինմոնտաժման աշխատանքներ են կատարվել։

Մյուս կողմից 2014- 2017  թվականներին Երևանում տոնածառների տեղադրման համար կնքված պայմանագրերով  22 միլիոն դրամի դիմաց «Ձևավորում» ընկերությունը կատարել է հետևյալը.

  1. Հանրապետության հրապարակում մետաղական կարկասի տեղադրում,
  2. Մարզերում եղևնու ճյուղերի կտրատում, բարձում մեքենաների վրա, տեղափոխում Երևան,
  3. Խաղալիքների, լույսերի, ճյուղերի տեսակավորում, տեղափոխում Հանրապետության հրապարակ,
  4. Մայր տոնածառի պատվանդի կառուցում, տոնածառի ճյուղերի հավաքում երկաթե կարկասի վրա, լուսավորության վահանակների տեղադրում, լուսային շարանների մոնտաժում, խաղալիքների տեղադրում, լուսավորության փորձարկում, գագաթի տեղադրում:
  5. Տոնական օրերին հերթապահության ապահովում, ապամոնտաժում, տեղափոխում պահեստ:

Պայմանագրերում նշվում է նաև, որ մարզերում պետք է կտրտել 6000 հատ եղևնու ճյուղ:

Վերոնշյալ տեխնիկական բնութագիրն է ներկայացվել նաև գնման մրցույթի հայտարարություններում։ Արսեն Համբարձումյանը նկատում է, որ  տեխնիկական բնութագիրը պարունակում է անորոշություններ՝ կապված տեղադրման ժամանակ օգտագործվող նյութերի, պարագաների, մետաղական կոնստրուկցիաների հետ, դրանք տրամադրելու՞ է պատվիրատուն, թե՞ մատակարարը իր հաշվին, և վերջապես, ով է ապահովելու մարզեր գնալու և եղևնու ճյուղեր կտրատելու թույլտվությունը․

«Այսինքն, նախ մրցույթի վերնագիրը ոչինչ չի ասել շինմոնտաժային աշխատանքներով զբաղվող կազմակերպություններին, որոնց թիվը շատ ավելի մեծ է քան մշակույթային միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող կազմակերպությունների թիվն է։ Վերջիններս էլ տվյալ մրցույթով դժվար թե հրապուրվեին՝ հաշվի առնելով տեխբնութագրով սահմանված ծառերի ճյուղերի կտրատման և մնացած անորոշ հարցերը։ Արդյունքում,  մրցույթի միակ մասնակիցը եղել է «Ձևավորում» ՓԲԸ-ն»,- նշում է Արսեն Համբարձումյանը։ 

Ի դեպ, քաղաքետապարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետը մեզ պատասխանել է, որ մայր տոնածառի ձևավորման համար 2014, 2015 և 2016 թվականներին լույսեր և ճյուղեր չեն գնվել, իսկ տոնածառը զարդարող խաղալիքները ձեռք են բերվել տեղադրման և և ձևավորման ծառայությունների հետ միասին։ Ինչ վերաբերում է ճյուղերին, ապա պարզվում է, որ Հրազդանի անտառտնտեսությունը սանիտարական էտի արդյունքում յուրաքանչյուր տարվա համար անվճար տրամադրել է սոճենու ճյուղեր: Այսինքն, «Ձևավորում» ընկերությունը պայմանագրով սահմանված ճյուղերի կտրատման աշխատանքները չի իրականացրել։ 

«Ձևավորում» ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում 

ԵՔ-ԲԸԾՁԲ-17/114 գնման մրցութի նախահաշվային արժեքը եղել է  22 000 000 դրամ,  «Ձևավորում» ընկերությունն առաջարկել է պայմանագիրը կատարել 21 990 000 ՀՀ դրամով։ Այսինքն, ընդամենը 10 հազար դրամով է էժան գին առաջարկել։

«Ձևավորում» ՓԲ ընկերության որպես իրական սեփականատեր ֆինանսների նախարարությանը ներկայացված փաստաթղթում ներկայացվում է Սարգիս Մեսրոպյանը, ով ընկերության տնօրենն է։

Նույն տվյալներն նաև իրավաբանական անձանց պետռեգիստրում։ Եվ չկա որևէ տեղեկություն, թե ովքե՞ր են ընկերության բաժնեմասերի սեփականատերերը։

Մյուս կողմից այս ընկերության ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարում Երևանի քաղաքապետարանի գերբն է պատկերված, և այս էջով հիմնականում տարածվում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումները։

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net     

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել