Աշխատանքը սոցիումի հետ շփվելու ամենակարճ ճանապարհն է

Համաձայն ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:

Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Կալանավորված անձինք նույնպես ունեն իրավունքներ, ուստի հնարավորության դեպքում պետք է ապահովվի նշված անձանց իրավունքների իրականացումը:

Աշխատանքի իրավունքի գործնական իրականացումը հենց կալանավորված անձանց կողմից, ովքեր կարիք ունեն ուղղման և հասարակություն վերաինտեգրման, կարևոր է այն առումով, որ աշխատանքը սոցիումի հետ շփվելու ամենակարճ ճանապարհն է:

Համաձայն Ձերբակալված և կալանավորված պահելու մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի` կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս, պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս` մասնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում:
Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը, օրենքով նախատեսված պահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին:
Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:
Կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել