Մեր աջակցությունը շատ ավելին էր, քան ֆինանսավորումը․ դեսպան Պյոտր Սվիտալսկի

Նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը, ստուգե՛ք աղբյուրը, լսե՛ք ձայնագրությունը և ամենակարևորը՝ հարգե՛ք զրուցակցին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների քննադատությանը՝ առաջարկեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Լրագրողներից մեկը նրանից խնդրել էր մեկնաբանել իր վերջին հայտարարությունից հետո քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների գնահատականը։ Հիշեցնենք՝ ԵՄ դեսպանը նախորդ շաբաթ մի շարք ուղերձներ էր կատարել ընտրական գործընթացի վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և իրավապահ համակարգին՝ նշելով, որ եթե իշխանությունը ցանկանում է՝ հասարակությունը վստահի իրեն և ընտրական գործընթացների արդյունքներին, պետք է ունենալ արժանահավատ, անկախ գործող մարմին՝ հանրային աչքերում:

Պարոն Սվիտալսկին ասաց, որ որպես կանոն ՀՀ քաղաքացիները իրենց են դիմում՝ օգնության խնդրանքով, սակայն այս գործընթացից հետո նրանց վերաբերմունքն այլ էր․ «Մարդիկ զանգահարում էին մեզ, մեր գրասենյակ, որպեսզի մեզ սատարեն, սա մոտիվացիա է մեր աշխատանքի համար»։

Այնուհետև նա նշեց․ «Ես այստեղ չեմ եկել՝ մասնակցելու հանրային քննարկման, դա իմ աշխատանքը չէ։ Շատ դրական է, որ արտաքին դիտորդը տեսնում է, որ Հայաստանը ներգրավված է կառուցողական քննարկումների մեջ։ Մենք միշտ դրական տրամադրված կլինենք, եթե տեսնենք լավ հանրային քննարկումներ, կարևորը, որ այս բանավեճերում մենք հետևենք տարական կանոններին, նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը, ստուգեք աղբյուրը, հարգեք զրուցակցին, լսեք ձայնագրությունը։ Ես չեմ հաղորդել ու չեմ հաղորդի ուղերձներ իշխանության ներկայացուցիչներին հանրային հանդիպումների միջոցով, մենք լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, լավ հաղորդակցման միջոցներ, ես գնահատում եմ դա։ Ես մասնագիտական տեսանկյունից բավարարված դիվանագետ եմ, որովհետև կարող եմ շատ անկեղծ երկխոսության մեջ մտնել իշխանավորների հետ։ Հանրային հայտարարությունները միջոց են հայ հանրությանը տեղեկացնելու համար, թե մենք ինչ ենք անում»,- շեշտեց դեսպանը։

Նա հիշեցրեց, որ 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Եվրոմիությունը Հայաստանին տրամադրել է ավելի քան 7 մլն եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն՝ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար․ «Գումարի 90 տոկոսը ԵՄ-ից է։ Առանց այդ օժանդակության, այն ջանքը, այդ նոր տեխնոլոգիաների օգտագործումը չէր իրականանա։ Գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը շատ ավելին էր, քան ֆինանսավորումը։ Ես կարծում եմ, որ այս ֆինանսական կողմը ամենաքիչ կարևորն էր մեր կողմից բերված նպաստից,- նշեց դեսպանն ու ընդգծեց․- այստեղ ես կցանականայի շատ ուժեղ շեշտել, որ մենք դա արեցինք ՀՀ իշխանությունների բացահայտ խնդրանքի հիման վրա, մենք երբեք չենք ստիպել կամ թելադրել մեր կամքը, եթե մեր օժանդակությունն այլևս պետք չէ, մենք չենք թելադրի մեր կամքը»,- ամոփոփելով իր խոսքն՝ ասաց դիվանագետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել