Պատգամավորի կարողությունը 4 ամսում կտրուկ աճել է 25 մլն դրամով և 300 հազար եվրոյով

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը պատգամավոր է դարձել «Ծառուկյան» դաշինքի միջոցով։ Նա նաև Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է, հանդիսանում է «Մետրոպոլ» ՍՊԸ-ի հիմնադիրը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին մայիսի 29-ին ներկայացրած նոր հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Մանուկյանն ունի 2,3 մլն դոլար, 25 մլն դրամ և 300 հազար եվրո։

Ուշագրավ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս տարվա փետրվարի 15-ին հանձնած հայտարարագրում պարոն Մանուկյանը հիշատակել է միայն 2,3 մլն դոլար դրամական միջոցի մասին։ Ստացվում է, որ նա կա՛մ թաքցրել է իր դրամական միջոցները ԿԸՀ-ից, կա՛մ էլ վերջին 4 ամիսների ընթացքում դրանք կտրուկ աճել են՝ 25 մլն դրամով և 300 հազար եվրոյով։

Խորհրդարանի անդամի ավտոտնակում առկա է երեք թանկարժեք ավտոմեքենա՝ «Lexus LS 600 HL» (2011), «Mercedes-Benz S 600 L» (2016) և «Range Rover 4.6 HSE» (2011) մակնիշների։

Պատգամավորն ունի երկու հողամաս՝ Ծաղկաձորում և Առինջ գյուղում։

Դավիթ Մանուկյանը ծնվել է 1984 թվականի փետրվարի 29-ին Սանկտ Պետերբուրգում (ՌԴ): 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը, 2007թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան, քաղաքագետ է մասնագիտությամբ: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրից

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել