Գիտական և պրակտիկ ճանաչողության արդյունքները համարվում են ճշմարիտ, եթե մանրամասն և բազմակողմանի ստուգում են անցել: Վերացարկման մակարդակում ճանաչման գործընթացի արդյունքները հիմնականում ստուգվում են ավելի վաղ հաստատված դատողությունների հետ համադրելով:
Այսպիսի միջնորդավորված ստուգումը կոչվում է հիմնավորման գործողություն: Հիմնավորել որևէ դատողություն` նշանակում է ներկայացնել ուրիշ, տրամաբանորեն դրա հետ կապված և հաստատող դատողություններ:
«Ապացուցման այսպիսի մեխանիզմը գործում է ցանկացած ապացուցողական գործընթացում»,-նշում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Այժմ խոսենք քրեական գործով ներկայացվող ապացույցների մասին:
Այսպես` քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Սերինե Խաչատրյանի փոխանցմամբ` քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են`
1) կասկածյալի ցուցմունքները.
2) մեղադրյալի ցուցմունքները.
3) տուժողի ցուցմունքները.
4) վկայի ցուցմունքները.
41) տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները.
5) դատապարտյալի ցուցմունքները.
6) փորձագետի եզրակացությունը.
7) իրեղեն ապացույցները.
8) քննչական և դատական գործողությունների արձանագրությունները.
9) այլ փաստաթղթերը:
Իրավաբանը ավելացնում է, որ քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net