Պատգամավորը էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել իր ավտոմեքենաների մասին տվյալները

«ГАЗ 32213», «КАМАЗ 6520», «ЗИЛ-ММЗ 4502»․ այս ավտոմեքենաները չգիտես ինչու տեղ չեն գտել ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի 2011-2016թթ․ հայտարարագրերում, որոնք նա ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածուն դրանք չի մոռացել հիշատակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում։

Ըստ էության, պատգամավորի թեկնածուն թաքցրել է իր գույքը էթիկայի հանձնաժողովից։ Այս մարմինն էլ, ինչպես միշտ, չի ստուգել ներկայացրած փաստերը։ Ասում են՝ գործիքակազմ ու ռեսուրսներ չունեն։

Ինչևէ, հակափաստարկ կարող է լինել այն, որ պատգամավորը էթիկայի հանձնաժողովին իր հայտարարագիր ներկայացնելուց հետո է միայն գնել վերոնշյալ ավտոմեքենաները, ինչի չէր բացառվի, որովհետև խորհրդարանի անդամը բավականին հարուստ է, սակայն միանշանակ կարող ենք հերքել, քանի որ փաստերն են այդ մասին վկայում։

Այսպես՝ պարոն Պետոյանը էթիկայի հանձնաժողովին իր վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2017թ․ հունվարի 15-ին, սրանից օրեր անց հունվարի 28-ին ներկայացրել է հայտարարագիր ԿԸՀ-ին։

Էթիկայի հանձնաժողովի ներկայացրած հայտարարագրում նա ունեցել է 128 մլն դրամ ու 250 հազար ԱՄՆ դոլար, իսկ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում դրամական միջոցները չեն պակասել (ինչը, ենթադրվում է, որ պետք է տեղի ունենար մեքենաներ գնելու պարագայում), ընդհակառակը ավելացել են՝ հասնելով 130 մլն դրամի և 250 հազար դոլարի։ Ավելացել են նաև եկամուտները։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել