Պարապուրդի ժամանակ վճարվող գումարի չափերը

«Եթե պարապուրդը առաջացել է ոչ աշխատողի մեղքով, ապա նրան ենթակա է վճարման պարապուրդի գումար, որը տարբեր կերպ է վճարվում` կախված այն հանգամանքից թե նրան առաջարկվել է այլ աշխատանք, թե ոչ, ինչպես նաև աշխատողը համաձայնվել է կատարելու այդ աշխատանքը, թե ոչ» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու կամ եթե գործատուի պահանջով աշխատողը պարապուրդի ժամանակ գտնվում է աշխատավայրում, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես փոխադրվում է ավելի ցածր աշխատավարձով, սակայն իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի, ապա յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարվում է պարապուրդի ամսվան նախորդող նրա ժամային դրույքաչափով:

Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը և որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:

Եթե պարապուրդը արդյունք է անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այն առաջացել է աշխատողի մեղքով, ապա պարապուրդի համար չի վճարվում:

Աղբյուրը` Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել