«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացավ

Այսօր մահացել է Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»։ Օրեր առաջ նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Արթուր Սարգսյանի մահվան փաստը Իրավաբան.net կայքի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցելու համար։ Ի սկզբանե նրա նկատմամբ ընտրվել էր կալանավորումը՝ որպես խափանման միջոց, սակայն հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը՝ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին որոշում կայացվեց «Հաց բերող»-ի նկատմամբ խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին։

2017 թվականի փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորում են, ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ Արթուր Սարգսյանը չի ներկայացել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան դատավարական գործողությունների մասնակցելու համար, վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու նպատակով միջոցներ է ձեռնարկել իրեն հասցեագրված ծանուցագրերն օրենքով նախատեսված անձանց հանձնելուն խոչընդոտելու ուղղությամբ, ինչի արդյունքում ՀՔԾ-ն համապատասխան միջնորդություն էր ներկայացրել։ Մարտի 6-ին մի քանի պատգամավորների միջնորդության արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում էր կայացրել Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորություն խափանման միջոց կիրառելու մասին:

Լուսանկարը՝ Hetq.am-ից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել