Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է տարբերակել օրինապահ հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 16 տնտեսվարողի: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Փետրվարի 22-ից մինչև մարտի 14-ը հավաստագրի ստացման համար դիմած ևս 22 հարկ վճարողների դիմումները գտնվում են ուսումնասիրության ընթացքում:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 99 տնտեսվարողներ, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է, 23-ինը՝ մերժվել, իսկ 22 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Արտասահմանյան կազմակերպություններին ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիր Նարեկ Հարությունյանը կարևորում է ՊԵԿ-ի կողմից օրինապահ հարկ վճարողներին առանձնահատուկ ուշադրության ցուցաբերումը. «Միջազգային շուկայում բիզնես գործունեություն ծավալելիս մեծ դեր ունի գործընկերոջ հեղինակությունը: Հետևաբար հավաստագրի առկայությունը դրական կանդրադառնա հայաստանյան ընկերության նկատմամբ վստահության մեծացման և բիզնես հարաբերությունները կայուն հեռանկարի համար կառուցելու գործում»:
Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրեն Աննա Պետրոսյանի դիտարկմամբ, գնահատված լինելը մեծ առավելություն է. «Հավաստագրի հանձնումը մեկ անգամ ևս փաստեց, որ օրինապահությունը խրախուսվում է մեր երկրում, և պարտավորեցնում հետագայում ևս օրենքով առաջնորդվել»:
Հաշվապահական կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Շահնազարյանի կարծիքով, իրենց ընկերությունը, միջանկյալ օղակ լինելով պետության և բիզնեսի միջև, հավաստագիր ստանալով օրինակ է ծառայում գործընկեր կազմակերպությունների համար. «Նրանք մեծ ոգևորությամբ սպասում են՝ երբ ենք իրենց դիմումները ներկայացնելու կոմիտե, որպեսզի ստանան իրենց օրինավոր գործելաոճը հավաստող փաստաթուղթ: Ակնհայտ է, որ հարկ վճարելը պատվաբեր է, հատկապես, երբ գնահատվում է պետության կողմից»: Լիլիթ Շահնազարյանի համոզմամբ, օրինապահ տնտեսվարողի գործելաոճը վարակիչ է լինելու:
Ձեզ ենք ներկայացնում օրինապահ հարկ վճարողների ցանկը
1. «ՆԱՆԻԿՈ» | 9. «ՎԵՆԿՈՆ» |
2. «ԽԱՅԱԹ ՔՈՄՓԱՆԻ» | 10. «ԱԼՏ ԴԻԶԱՅՆ» |
3. «ԵՎՐՈՄԵԴ» | 11. Ա/Ձ ՏԻԳՐԱՆ ՄԱԴՈՅԱՆ |
4. Ա/Ձ ՎՐԵԺ ՂԱԶԱՐՅԱՆ | 12. «ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
5. «ՍՏԱՆԴԱՐՏՍԵՐՎԻՍ» | 13. «Գ ԸՆԴ ԷԼ ԿԱՊԻՏԱԼ» |
6. «ԵՎՐՈՏՐԱՆՍ» | 14. «ԳՏԳՏԻԿ» |
7. «ԵՎՐՈ ԱՅԹԻ» | 15. «ՍՈՖԹՀԵՆՋ» |
8. «ՎՐՈ» | 16. «ԱՐԻԴԵՍ» |