Հոկտեմբերի 22-ին Արդարադատության ակադեմիայում ավարտվեց Հատուկ քննչական ծառայության քննիչների վերջին՝ երրորդ խմբի վերապատրաստման դասընթացը: Այդ կապակցությամբ քննիչներին ավարտական վկայագրեր հանձնեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության ակադեմիայի լրատվության բաժինը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին և հաջողություն մաղթեց իրենց պատասխանատու ծառայության մեջ:
Համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ առնվազն 3 տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստում են անցնում Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները: Այս տարի Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում է անցել ՀՀ հատուկ քննչական ծառայության 21 քննիչ՝ 40 ակադեմիական ժամ ծավալով:
Հատուկ քննչական ծառայության քննիչների ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: