Ի՞նչ պետք է անել բջջային խարդախության չենթարկվելու համար. ՎիվաՍել-ՄՏՍ-ի պարզաբանումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական համալիր միջոցներ է ձեռնարկում իր բաժանորդներին՝ բջջային խարդախության նպատակ հետապնդող, հայտնի և հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան փոխանցեցին ընկերյունից:

Վերջերս Իրավաբան.net-ին դիմած քաղաքացիներից մեկը նշել է, որ անսպասելի զանգ է ստացել Թայլանդից (կոդը՝ +663) և հետզանգ է կատարել, պատասխան չի եղել, փոխարենը մի քանի վայրկյան անհասկանալի ձայներ է լսել, անջատելուց հետո նկատել է, որ իր հաշվին եղած գումարը զրոյացվել է:

Այս առնչությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ից հաղորդել են, որ ընկերությունը համագործակցում է իրավապահ մարմինների, հեռահաղորդակցության այլ օպերատորների, իր գործընկերների ու մատակարարների հետ՝ բաժանորդների հանդեպ այդպիսի հարձակումները կանխելու և ապահով հաղորդակցության ծառայություններ մատուցելու ուղղությամբ. «Այս հարցում նաև չափազանց կարևոր է ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից խարդախության դեպքեր նկատելիս այդ մասին ընկերությանն անհապաղ տեղյակ պահելը, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով և բաժանորդների հետ համագործակցությամբ պայքարել բջջային խարդախության դեմ: Բջջային խարդախության չենթարկվելու համար խորհուրդ է տրվում կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ արգելափակել անծանոթ, կասկածելի և անցանկալի համարները, զերծ մնալ անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին զանգահարելուց (հետ զանգահարելուց), տեղադրել հակավիրուսային ծրագրեր, և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել