Դատախազությունը պարզաբանում է

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի կողմից ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի քվեարկության ընթացքում արված հայտարարությանը, թե «…Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա։ Հենց էստեղ տեղում են ճնշել։ Ոմն դատախազ Ասրյան էր այստեղ աշխատում… »,  տեղեկացնում է.

Նշված տեղեկատվությունը զուրկ է հիմնավորումներից և չի համապատասխանում իրականությանը` առնվազն այն պարզ պատճառով, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում Ասրյան ազգանունով  (ինչպես նշել է Է. Մարուքյանը)  դատախազ չի աշխատում, հետևաբար նա չէր կարող մասնակցել վերոնշյալ գործընթացին:

Դատախազի վարքագծի կանոնագիրքը հստակ սահմանում է. «…Դատախազը չի կարող լինել քաղաքական կազմակերպության անդամ, ինչպես նաև որևէ կերպ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Նա չպետք է հովանավորչություն դրսևորի որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ…»:  Դատախազությունը հետևողական է, բոլոր աշխատակիցների կողմից սույն կանոնի խստիվ պահպանմանը:

Անընդունելի համարելով հանրության շրջանում թյուրընկալումների տեղիք տվող, չփաստարկված և վարկաբեկող տեղեկատվության տարածումը, ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է  քաղաքացիներին, պաշտոնյաններին, առավել ևս՝ իրավաբաններին, որոնք տիրապետում են իրավական բոլոր ընթացակարգերին, զերծ մնալ չհիմնավորված և ոչ փաստարկված հայտարարություններից, որևէ դատախազի գործունեության վերաբերյալ առերևույթ իր լիազորությունները շրջանցելու հիմնավոր տվյալներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն՝  վստահեցնելով, որ ներկայացված տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով քննարկման և իրավական գնահատականի կարժանանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել