Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց՝ Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածի գույքի և հողատարածքների նկատմամբ

Կառավարության այսօրվա նիստին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործադիրի անդամներին ներկայացրեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2, Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Ներկայացված փաստաթուղթը հիմնավորվում է այսպես.

 «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2»  վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Երևանի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

  ՀՀ կառավարության 2016 թվականի ապլիլի 28-ի թիվ 447-Ն որոշմամբ իրականացվել է գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ, որոնք ավարտվել են:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված կարգով անհրաժեշտ է, որպեսզի ուսումնասիրության համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում         ՀՀ կառավարության կողմից ընդունվի բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին համապատասխան որոշում:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով նախատեսված Երևան քաղաքի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան–Հին Սիլիկյան ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքների սեփականատերերի շահերից, քանի որ ներկայումս Երևանի կազմավորված մայրուղային ցանցով պահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը: Քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս ամբողջական չեն, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը։

Ճանապարհաշինության իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքների օտարման»:

Հարցը հաստատվեց կառավարության անդամների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել