Սահմանադրությունը տեքստ չէ, այն արժեքային համակարգ է. «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները»

Հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր:

Սահմանադրական մշակույթը սահմանադիր նորմերով ու սկզբունքներով, փոխհամաձայնությամբ ձեռք բերած հասարակական գոյի ընդհանուր կանոններով ստեղծագործաբար ապրելու մարդկային հանրության արժեքային որոշակի համակարգ է: «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքում շեշտում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյան:

Ըստ նրա՝ Սահմանադրական մշակույթը ոչ միայն ենթադրում է հասարակական համաձայնության ու մարդու սոցիալական արժեվորման որոշակի մակարդակ, բանականորեն իմաստավորված արժեքների ու սկզբունքների հիման վրա հասարակական գոյի կանոնակարգված զարգացումը երաշխավորելու հնարավորություն, այլև այդ հնարավորությունն իրականություն դարձնելու կարողունակություն:

Պարոն Հարությունյանը նշել է, որ ԱՄՆ Սահմանադրության 200-ամյակի կապակցությամբ հրատարակած իր ուսումնասիրության մեջ Դ. Լևինն առանձնապես կարևորում է այն հանգամանքը, որ Սահմանադրությունը տեքստ չէ, այն արժեքային համակարգ է, արժեքներ, որոնք ապրում են, վերարտադրվում, ուղղորդում հասարակական կյանքը:

Ըստ նրա՝ այս փուլում արդեն սահմանադրական մշակույթը նոր որակ է ստանում հասարակական-պետական այն համակարգերում, ուր Սահմանադրության հետ մեկտեղ առկա է սահմանադրականությունը, որտեղ սահմանադրական նորմերն ու սկզբունքներն ապրող իրողություն են, ձևավորվել է սահմանադրական ժողովրդավարության անհրաժեշտ ու բավարար միջավայր, որտեղ սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն և կա սահմանադրական վերահսկողության արդյունավետ համակարգ, որտեղ Սահմանադրությունը ոչ թե գործիք է պետական իշխանության ձեռքին, այլ քաղաքացիական հասարակության հիմնական օրենք է, միջոց է այդ հասարակության ներդաշնակ ու կայուն զարգացումը երաշխավորելու համար` ոչ միայն սահմանելով վարքագծի հիմնական կանոնները, այլև սահման դնելով իշխանությանը, այն սահմանափակելով իրավունքով:

Սակայն Սահմանադրության լոկ գոյությունը բավարար չէ երկիրը կամ պետությունը սահմանադրական համարելու համար: Անհրաժեշտ է նաև, որպեսզի սահմանադրական նորմերը կյանքի կոչվեն, դրանց նկատմամբ դրսևորվի հասարակական կայուն վերաբերմունք` ձևավորելով հասարակության սահմանադրական մշակույթի իրական որակներ, այն դարձնելով ազգային մշակույթի օրգանական բաղադրատարրը:

Վերդառնալով մեր իրականություն՝ ՍԴ նախագահն իր հեղինակած գրքում վերլուծում է ՀՀ Սահմանադրությունը ու 1995թ.-ին դրա փոփոխությունների արդյունքում ձևավորված իրավահարաբերությունները, մասնավորապես նա հավաստում է, որ.

  1. իրավունքի գերակայության ապահովման սահմանադրական երաշխիքները բավարար չէին: Մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները սահմանադրորեն չէին ճանաչվում որպես բարձրագույն և անօտարելի արժեքներ: Բացակայում էր սահմանադրական առանցքային դրույթն այն մասին, որ մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները հանդիսանում են անմիջականորեն գործող և որոշում են օրենքների իմաստը, բովանդակությունը և կիրառումը, օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունեությունը և ապահովվում են արդարադատությամբ: Սույն մեթոդաբանական մոտեցումը համակարգված չէր իրացվում նաև Սահմանադրության մյուս դրույթներում:
  2. Հիմնական սահմանադրական սկզբունքների և դրանց իրացման սահմանադրական կոնկրետ մեխանիզմների միջև գոյություն ունեին որոշակի անհամապատասխանություններ:

3 Իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքն անհետևողականորեն էր իրացված, ապահովված չէր պետական իշխանության ինստիտուտների անհրաժեշտ և բավարար գործառութային հաշվեկշիռը: Մասնավորապես, ապահովված չէին օրենսդիր և դատական իշխանությունների գործառութային անկախության անհրաժեշտ նախադրյալները, հակակշիռների ու զսպումների համակարգն անկատար էր: Պետական իշխանության գրեթե բոլոր սահմանադրական ինստիտուտների նկատմամբ «ինստիտուտ-լիազորություն-գործառույթ» համակարգում գոյություն ուներ որոշակի անհաշվեկշռվածություն: Նույնը վերաբերում էր նաև «գործառութային-հակակշռող-զսպող» լիազորությունների համակարգին: Առանց չափազանցման կարելի է ասել, որ պետական իշխանության համակարգված հաշվեկշռվածության հիմնախնդիրը ՀՀ Սահմանադրությունում արդյունավետ լուծված չէր:

  1. Սահմանադրությունը չէր նախատեսել սահմանադրական վերահսկողության ամբողջական և գործունակ համակարգ: Սահմանադրական լուծումներն այդ առումով թերի էին, չէին արտացոլում ներսահմանադրական ինքնապաշտպանության համակարգի արմատավորման առաջատար միտումներն աշխարհում: Չէր ճանաչվում ու երաշխավորվում նաև մարդու և քաղաքացու սահմանադրական արդարադատության իրավունքը:
  2. Սահմանադրական դատարանի և ընդհանուր իրավասության դատարանների միջև գործառութային փոխհարաբերություններ ընդհանրապես չկային: Սահմանադրական վերահսկողության համակարգում տեղական ինքնակառավարումն ընդգրկված չէր, սահմանադրական դատավարության կարգի և սկզբունքների սահմանման մեջ թույլ էին տրված որոշակի բացթողումներ և այլն:

Ըստ պարոն Հարությունյանի՝ վերոնշյալ բոլոր դրսևորումները, ինչպես նաև սահմանադրական պրակտիկան, այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի գործունեության օրվանից ի վեր Նախագահի հրամանագրերի կամ կառավարության որոշումների սահմանադրականության վերաբերյալ մինչև 2005թ. սահմանադրական փոփոխությունները ոչ մի դիմում չէր ստացվել, իսկ 8 տարում քննության էր առնվել ընդամենը 6 դիմում` օրենքի սահմանադրականության վերաբերյալ, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների երաշխավորման հարցից գործնականում Սահմանադրական դատարանն օտարված էր`վկայում են այդ շրջանում Հայաստանում սահմանադրական համակարգի էական իմունային անբավարարության մասին:

Հայաստանը եզակի բացառություն էր, երբ Սահմանադրական դատարանն աշխարհում գործող 100-ից ավելի սահմանադրական դատարանների համեմատությամբ ամենասեղմ դիմող սուբյեկտների շրջանակն ուներ և դրանց թվով ու ընդգրկումով գտնվում էր վերջին տեղում: Այդ խնդիրն արմատապես հաղթահարվեց 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Ըստ պարոն Հարությունյանի՝ Սահմանադրական արդարադատության համակարգային զարգացումներին առավել ամբողջական ու հետևողական մոտեցումներ դրսևորվեցին 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել