25-ամյա աղջիկը դատապարտվեց՝ վրաերթի հետևանքով սպանության համար

25-ամյա Ալլան դատապարտվել է՝ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ անձին սպանելու համար. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ալլան, չունենալով վարորդական իրավունք, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում մոտ 80 կմ/ժ արագությամբ դեպի Գյումրի ուղղությամբ վարելով մեկ այլ անձի անվամբ գրանցված BMW  մակնիշի ավտոմեքենան, «Ռուբլյովկա» ռեստորանի դիմաց ընկած հատվածում խախտել է ՃԵ անվտանգության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, դուրս է եկել հանդիպակաց գոտի, ստեղծել է վթարային իրադրություն և մեքենայի առջևի ձախ մասով բախվել`իր ուղեգոտիով ընթացող Հովհաննես Եղիազարյանի վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ հատվածին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Հովհաննես Եղիազարյանի մահը:

Գործը քննվել է է Շիրակի մարզի ընդհանւր իրավասության դատարանում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 1.5 տարի ժամկետով՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով: Սակայն կիրառել է նաև Քրեական օրենսգրքի 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ ատյան բողոք է ներկայացրել մեղադրող դատախազը, սակայն նրա բողոքը մերժվել է: Դատական ակտը մտել է ուժի մեջ:

Իրավաբան.net

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել