Հակակոռուպցիոն արշավի շնորհիվ 10.000 գոյություն չունեցող աշխատողներ են բացահայտվել

Տանզանիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սկսված արշավի ընթացքում ավելի քան 10.000 գոյություն չունեցող աշխատողների տվյալներ են բացահայտվել և հեռացվել հանրային ոլորտի աշխատողների ցուցակից: Գոյություն չունեցող աշխատողներին հատկացված գումարների պատճառով պետությունը ավելի քան 2 միլիոն դոլարի վնաս է կրել յուրաքանչյուր ամիս: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Իշխանությունները հայտնել են, որ շարունակելու են վերահսկել հանրային ոլորտի աշխատակազմը և ակնկալում են նոր անուններ հայտնաբերել: Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին, ով պաշտոնը ստանձնել է հոկտեմբեր ամիսն, խոստացել է կրճատել ավելորդ պետական ծախսերը: Նա մարտ ամիսն հանձնարարել էր վերահսկողություն իրականացնել՝ կոչ անելով խնայել գումարները այն երկրի զարգացմանը ուղղելու համար: Ինչպես հայտնի է Տանզանիայում ամեն ամիս ավելի քան 260 միլիոն դոլար է հատկացվում պետական բյուջեից՝ պետական ոլորտում հաշվառված ավելի քան 550.000 աշխատողների աշխատավարձը վճարելու համար:

«Մեր նպատակն է ղեկավար համակարգում ունենալ ազնիվ, պատասխանատու և աշխատասեր աշխատողներ: Սա մեր առաջնահերթ խնդիրներից է և այս նախաձեռնությունը շարունակական կլինի», – հայտնել է երկրի վարչապետը՝ Լոնդոնում տեղի ունեցած հակակոռուպցիոն գագաթնաժողովից հետո:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացրած կոռուպցիայի ընկալման համաթվում Տանզանիան զբաղեցնում է 117-րդ տեղը՝ 167 երկրների շարքում:

Մայրցամաքի շատ այլ երկրներ ևս տուժել են այսպես կոչված «մեռած հոգիների»,-ի պատճառով: Փետրվար ամսին Նիգերիայի կառավարությունը 24.000 աշխատողի անուններ է հանել վճարման ցուցակից այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ նրանք գոյություն չունեն:

Իսկ 2014թ-ին, նմանատիպ 12.000 աշխատողների բացահայտումից հետո, Քենիայում սկսեցին գրանցել բոլոր քաղծառայողների կենսաչափական տվյալները։

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել