ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ աշխատանքի տեղավորելու պատրվակով 21 քաղաքացուց գումար հափշտակելու դեպքերի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։
Նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Մ.Քարամյանը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում նույն մարզի 21 բնակիչների վստահությունը չարաշահելով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում աշխատանքի ընդունելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է տարբեր չափի գումարներ։ Աշխատանքի տեղավորելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափի գումար՝ 100 հազարից մինչև 729 հազար դրամ։
21 դրվագներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։ Կասկածյալը մայիսի 16-ին ձերբակալվել է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net