Տիգրան Ուրիխանյանը ուշագրավ հայտարարություն է անելու analitik.am-ի գործով

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում բավականին ինտրիգային հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանը հանդես կգա բացահայտող հայտարարությամբ «Անալիտիկ»-ի և դրա հետ կապակցված այլ կայքերի հանցավոր խմբի, դրանց հովանավորների վերաբերյալ:

Հայտարարությունը կհնչի ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան՝ ժամը 17:00-ից սկսած:

Հ.Գ. Պայքարելու ենք մինչև վերջ անկախ պատվիրատուների ու հանցագործների ազդեցությունից ու դիրքից, որոնց համար չկա ոչ օրենքի զգացում, ոչ բարոյականություն և ոչ էլ ազգային արժամապատվություն: Պատիժը անխուսափելի է լինելու»:

Նշենք, որ մինչ այս հայտարարությունը պատգամավորը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.

«Հարգելի պարոն ոստիկանապետ, շորթման մեղադրանքով Analitik.am կայքի տնօրենի ձերբակալությունից, քրեական գործ հարուցելուց և կալանավորելուց հետո տեղեկատվական դաշտում ստոր ու ագրեսիվ արշավ է սկսվել մեր երկրում կարգով, օրենքով, իրավապահների ու դատական համակարգի միջոցով բոլոր խնդիրները լուծելու կողմնակիցների դեմ: Գիտեմ, որ համամիտ եք՝ բոլոր խնդիրները, վեճերը պիտի լուծվեն օրինական ճանապարհով, հանցագործներով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե լծակային, թիկնազորային, փողային կամ այլ ազդեցություն ունեցողները:

Ապավինելով երկրում կարգ, կանոն և օրինականություն հաստատելու Ձեր ցանկությանն ու գործողություններին՝ բևեռում եմ Ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ սոցիալական ցանցերում ոստիկանության անունից հանդես եկող, ոստիկանության քարոզչական տարրերի տպավորություն ստեղծող, ըստ մամուլի՝ ոստիկանության համակարգի որոշ աշխատակիցների հետ առնչություն ունեցող էջեր կամ առանձին կայքեր իրականացնում են օրինական դաշտում գործելու դեմ ստոր ու կեղտոտ հակաքարոզչություն:

Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել բացահայտելու համար այդ մարդկանց, եթե այդպիսիք իրականում առնչություն ունեն համակարգի հետ:

Սույն բաց դիմումի հետ մեկտեղ տարածում եմ նաև հայտարարությունս այն մասին, որ որոշում եմ կայացրել վաղը ցուցմունք տալու ՀՔԾ-ում «Անալիտիկ»-ի գործով, քանի որ ձեռք եմ բերել ինձ համար բավարար ու համոզիչ ապացույցներ առ այն, որ հիշյալ գործին առնչվում են կոնկրետ բարձրաստիճան պատվիրատուներ և հովանավորներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել