Մինչ այս տեղեկացրել ենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:
Ըստ նախագծի հիմնավորումների` դրա ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 240-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրի 1.3 կետով նախատեսված միջոցառման կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից:
Նշվում է, որ ներկայումս գործող «Դրամակղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1408-Ն որոշմամբ հաստատված` դրամարկղային գործառնությունների իրականացման կարգով նախատեսված է միայն թղթային դրամակղային գրքերի վարման հնարավորություն:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նախագծի կարգավորման նպատակը դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորության ստեղծումն է:
Կառավարության համոզմամբ` թղթային կրիչներով դրամարկղային գրքերի վարումը մեծացնում է հարկային հաշվառման ու գրանցումների վրա ծախսվող ժամանակը:
Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային հաշվառման համար հարկ վճարողների կողմից ծախսվող ռեսուրսների կրճատման միջոցով Հայաստանի գործարար միջավայրի առավելագույն չափով բարելավմանը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձեւավորվել համապատասխան օրենսդրական հիմքեր դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու համար:
Օրենքում նշված է հետևյալը.
Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի 4-րդ հոդվածում «դրամարկղային գիրք`» բառերից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: