Ինչո՞ւ են զինկոմիսարիատից զանգահարում և ի՞նչ է պետք իմանալ զորահավաքների ու վարժական հավաքների մասին

Կարեն Մարգարյանին օրեր առաջ զանգահարել են բնակության վայրում գտնվող զինկոմիսարիատից և խնդրել ներկայանալ՝ մի քանի րոպե զրուցելու համար: Մեզ հետ զրույցում Կարենն ասաց, որ առողջական վատ վիճակի պատճառով դեռ չի կարողացել գնալ զինկոմիսարիատ:

Փոխարենը մեր մյուս զրուցակիցը՝ Գևորգ Ղուկասյանը, զինկոմիսարիատի աշխատակցի խնդրանքով ներկայացել է, նրան պարզաբանել են, որ վարժական հավաքներ են անցկացվելու, առաջարկել են 7 օր ներկայանալ N զորամաս՝ համակարգչային դասընթացներին մասնակցելու համար: Գևորգին փոխանցել են, որ նա կվարձատրվի:

Փաստաբան Ինեսսա Վարդանյանը, ով մասնագիտացած է աշխատանքային իրավունքում, նշեց, որ պետական կարիքների համար պահեստազորի սպաներին ու զորացրված ժամկետային զինծառայողներին կարող են աշխատանքի հրավիրել զինված ուժերում:

DSC02047 copy«Կարգավորումներ կան, պարզապես պետք է ներկայացվի տեղեկանք, որն էլ ներկայացվում է գործատուին: Այս գործընթացում հարկավոր է հասկանալ, թե գործատուն ով է, եթե արտադրություն է, որ հնարավոր չէ առանց այդ աշխատողի բնականոն հունով իրականացնել իր գործունեությունը, ապա խնդիր կարող է առաջանալ»,- փոխանցեց փաստաբանը:

Փաստաբան Նորայր Նորիկյանի փոխանցմամբ՝ լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ պաշտպանության նախարարությոնը, տիրապետելով ամբողջ պահեստազորի բանկին, շատ լավ հասկանում է, թե ինչ մասնագիտությունների տեր անձիք կան պահեստազորում և ինչպիսի պահանջարկ կա Զինված ուժերում. «Ըստ այդմ՝ ըստ պահանաջարկի այդ մասնագիտություններին տիրապետող անձանց առաջարկում են անցնել զինվորական ծառայության,  նշված անձիք կարող են չհամաձայնվել, իսկ համաձայնվելու դեպքում, նրանց հետ պայմանագիր կկնքվի»,- ասաց մեր զրուցակիցը:

DSC09278-440x293 (1)Այլ խնդիր է, երբ պահեստազորի սպաներին կամ ծառայությունն ավարտած զինվորներին կանչում են վարժական հավաքների. «Պահեստազորում գտնվող ցանկացած ոք պարտավոր է Զինապարտության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցագրեր ստանալու պայմաններում ներկայանալ զինկոմիսարիատ և համապատասխան վարժական հավաքներին մասնակցել»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենքով նաև սահմանված է վարձատրումը. «Վարժական հավաքների հրավիրվածների մասով պարտավոր են զինկոմիսարիատները ծանուցել նաև գործատուներին, որպեսզի նրանք ներքին կարգապահական կանոնակարգերով, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով անհարգելի բացականեր չդնեն, ընդհուպ՝ չազատեն աշխատանքից: Ավելին՝ վարժանքներին մասնակցող անձանց ապահովում են նաև վարձատրությամբ, օրապահիկների դրույքաչափերը սահմանված են: Նրանք պարտադիր պետք է վարձատրվեն այդ օրերի ընթացքում, աշխատանք ունեցողների դեպքում էլ՝ հավասարաչափ պահպանվելու է աշխատավարձի չափը վարժանքի ժամանակ»:

IMG_3259-copy-440x293 (4)Ինչ վերաբերում է զորահավաքներին, ապա ՊՆ-ից մեկ անգամ չէ, որ պարզաբանել են՝ որևէ զորահավաք չի անցկացվում: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանում զորահավաք չկա, եթե որոշում կայացվի, ապա այդ մասին հասարակությունը կտեղեկացվի:

Ընդհանուր զորահավաք կամ մասնակի զորահավաք հայտարարվում է Հանրապետության նախագահի կողմից՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի նորմերով:

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքերով՝ պետք է տարբերել վարժական հավաքները զորահավաքներից: Վարժական հավաքներ կարող են հրավիրվել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ. «Զինված ուժերն իրենք են պլանավորում տարեկան գործողությունները, բացի ԶՈՒ-ի կազմից, այդ հավաքներն իրականացվում են նաև պահեստազորում գտնվող զինապարտներին ներգրավվելու միջոցով: Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պահեստազորում գտնվող զինապարտները պարտավոր են ներկայանալ վարժական հավաքների՝ ըստ ծանուցագրի: Վարժական հավաքները կարող են ընթանալ ընդհուպ մինչև երկու ամիս»,- փոխանցեց պարոն Նորիկյանը:

Գ.Թ.

IMG_0522-копия

Ծանուցում: Նյութում որպես զրուցակից հանդես եկող երկու քաղաքացիների անունները փոփոխված է՝ նրանց խնդրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել