Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին տրվող դրամական օգնությունները

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքի համաձայն` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս զինծառայողներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով տրվում է դրամական օգնություն`

1) 3 տարուց մինչև 10 տարի զինվորական ծառայության համար.

2) 10 տարուց մինչև 15 տարի զինվորական ծառայության համար.

3) 15 տարուց մինչև 20 տարի զինվորական ծառայության համար.

4) 20 տարուց մինչև 25 տարի զինվորական ծառայության համար.

5) 25 և ավելի տարի զինվորական ծառայության համար:

Մինչև 3 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմին օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է դրամական օգնություն` վերջին զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնի պաշտոնային դրույքաչափի չափով:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ընտանեկան պայմաններից ելնելով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր ժամկետային զինծառայողների համար հաշվարկվում է դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով, իսկ նույն կազմից այն զինծառայողի համար, որի ծնողները (այդ թվում` միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող ծնողը) մահացած են, դրամական օգնությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի քսանապատիկի չափով: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն դրամական օգնության իրավունք տվող պայմանագրային զինվորական ծառայության համապատասխան ստաժում:

Պայմանագրի ժամկետը լրացող և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած զինծառայողին իր ցանկությամբ տրվում է դրամական օգնություն:

Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), ինչպես նաև նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով`

1) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կիլոմետր լինելու դեպքում.

2) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կիլոմետրը գերազանցելու դեպքում:

Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`

1) զինծառայողի ամուսնության կամ

2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ

3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ

4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին` վերոնշյալ կետերով սահմանված դեպքերում, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

Սույն հոդվածով սահմանված՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների դրամական օգնությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների վրա:

Ըստ օրենքի` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և համատեղ բնակվող ծնողները:

Դրամական օգնությունների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել