Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները սահմանված կարգով կամ ժամկետներում չկատարելը առաջացնում է նախազգուշացում` բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ:
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները նախազգուշացումից հետո պետական լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում հաշվետվությունները կամ պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Նոր ստեղծված կամ օրենքով սահմանված կարգով լիազորությունները դադարած բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից այդ մասին սահմանված ժամկետներում շենքի սեփականատերերին կամ համայնքի ղեկավարին չծանուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պատասխանատու պաշտոնատար անձի (անձանց) կողմից շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը չկանխելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։